Երևանում հանրային տրանսպորտի վալիդացիայի քանակը զգալիորեն աճել է

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ վերջին շաբաթվա ընթացքում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիայի քանակը աճել է 15-30%-ով։

«Սա ցույց է տալիս, որ այս գործընթացը, որքան էլ դժվարին է, որով անցնում ենք, կարևոր է և անհրաժեշտ», — նշել է Ավինյանը՝ շնորհակալություն հայտնելով վարորդներին՝ իրենց առանց այն էլ ծանր աշխատանքը հաշվի առնելով՝ այս կարևոր վերահսկողական ֆունկցիան իրականացնելու համար։

Քաղաքապետը նաև անդրադարձել է վարորդների նկատմամբ մի քանի միջադեպերի, այդ թվում՝ մեկ կոնկրետ տհաճ դեպքի, որը վերածվել է կռվի և հարձակման վարորդի վրա։ Նա տեղեկացրել է, որ այդ դեպքի հետ կապված երեք անձ ձերբակալվել է, իսկ չորրորդը նույնպես անցնում է քրեական գործով։

Ավինյանը նշել է, որ վարորդների նկատմամբ ոտնձգությունը նրանց անձի նկատմամբ չէ, այլ քաղաքի, ամբողջ համակարգի նկատմամբ։ Նրա խոսքով՝ վճարող քաղաքացիները չվճարող քաղաքացիներին որպես բեռ են տանում «իրենց վզին»։

«Չպետք է հանդուրժենք, որ չվճարող, անպատասխանատու քաղաքացին հորդուբորդ գա։ Ամոթից գետինը մտնելու փոխարեն մի հատ էլ ելույթ են ունենում։ Հերիք եղավ, բոլ եղավ, վերջին Iphone-ներն օգտագործում եք, բայց տրանսպորտի համար չեք վճարում», — ասել է Ավինյանը՝ ընդգծելով, որ այս վերաբերմունքը անընդունելի է։