Այսօր, կեսօրից հետո, քննչական կոմիտեում հարցաքննության են հրավիրվել Վեդիում սեռական բռնության ենթարկված երկու անչափահաս քույրը։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց նրանց պաշտպաններից մեկը՝ Վարդուհի Էլբակյանը։
Նա նշել է, որ զարմանալի է, թե քննչական կոմիտեն հրապարակել է գործի նման բաց տեղեկություն՝ անչափահաս երեխաների մասին։ «Սա փակ, գաղտնիություն նախատեսող գործ է։ Կոմիտեի կողմից հրապարակված տեղեկությունները ամբողջական չեն և չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Էլբակյանը։
Պաշտպաններից մյուսը՝ Լուսինե Մարտիրոսյանը, նշել է, որ գործի տվյալները հրապարակելուց առաջ անձանց չեն մեկուսացրել։ «Այսպիսով, պոտենցիալ մեղադրյալը արդեն գիտի, թե որ երեխան է տվել հակասական ցուցմունք, իսկ որը հրաժարվել է փորձաքննությունից։ Ինչո՞ւ իրենք չեն ցուցաբերել ճիշտ մոտեցում։ Եթե նրանք գտնում են, որ երեխեքն ունեն առողջական խնդիր, արդյո՞ք ապահովել են նրանց հոգեբանի մասնակցությունը։ Ինչպես եղավ, որ ես և մյուս պաշտպանը, որոնք հատուկ մասնագիտական գիտելիք չունեինք, մեզ մոտ են սկսել խոսել, իսկ իրենց հոգեբանի մոտ՝ կաշկանդված կամ չեն խոսում»,- ասաց նա։
Վարդուհի Էլբակյանը նաև անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք ընտանիքի ներկայացած տղամարդը իրականում ներգրավված է սեռական ոտնձգության մեջ։ «Քանի դեռ այդ մասին որևէ ցուցմունք չկա, ես ոչինչ չեմ կարող ասել։ Մենք ի՞նչ ենք անում, մարդկանց փախցնո՞ւմ ենք։ Քննչական կոմիտեն արդեն իսկ սխալ է թույլ տվել՝ այդ ամենը հրապարակայնացնելով։ Թող ասեր՝ քննություն է ընթանում, կպարզենք, հետո հայտնեին՝ ձերբակալել են, հետո ազատ արձակել, ասեին՝ սուտ մատնությո՞ւն է, թե՞ ճիշտ է։ Ի՞նչ է նշանակում այս տվյալները տրամադրելը»,- հարցրեց նա։