Երգիչ, երգահան Լիլիթ Բլեյանի հետ կատարած զրույցում մենք խոսեցինք իշխող «իրական Հայաստանի» մասին։
Սկսենք Ստրասբուրգից։ Փաշինյանը, ի լուր աշխարհի, Հայ եկեղեցին անվանեց «պատերազմի կուսակցություն»։ Իսկ ոչինչ չէ, ժամանակ առաջ Բաքվից Փաշազադեն մեր Եկեղեցին անվանել էր «ահաբեկչական կառույց»։ Կարո՞ղ ենք ասել, որ Փաշինյանը սեփական տան լվացքը փռեց ի տես աշխարհի, ամենաքստմնելի կերպով, եւ Արցախ վերադարձի իրավունքը որոշեց արցախցիների փոխարեն։
Կարո՞ղ ենք վճռականություն ունենալ՝ ամրագրելով մեզ համար, որ այս մարդը հրաժարվում է Հայաստանից։ Որ ինքը չի հանդես գալիս Հայաստանի շահերից, մեր ազգային երազանքներից ու ժողովրդի միասնական խնդիրներից եւ դա չի թաքցնում, այլ բարձրաձայնում է։ Ասում է՝ ես ունեմ պայմանավորվածություններ, եւ դրա անունը դնում է «քաղաքականություն», «կոշտ քաղաքական օրակարգ»։ Բայց մեծ հաշվով ասում է՝ ես գնացել եմ, բան եմ պայմանավորվել, եւ ինձ պետք է, որ այսպես լինի։ Սա այն դեպքն է, երբ ասում են՝ տղա եք, այնպես արեք, որ չկարողանամ անել։ Ինքն իր քայլն անում է։
Գալիս է հաջորդ հարցը՝ մենք ի՞նչ ենք անելու։ Բայց մենք իրենից պահանջներ չունենք՝ այս ամենը տեսնելուց հետո։ Կոնկրետ ես իրենից պահանջ չունեմ։ Կարող էի ունենալ, ասելով՝ հրաժարական տուր, եւ ասել եմ նախկինում մի քանի անգամ, բայց գիտեմ, որ ինքը դա չի անելու, իր պլանների մեջ չի մտնում։ Ինքը շատ ուղիղ է խոսում, շատ բաց է ասում իր մտադրությունների, ծրագրերի մասին։ Ասում է՝ գնացել, պայմանավորվել եմ, որ Հայաստանն այլեւս այն երկիրը չի լինելու, որ եղել է։ Այսինքն, երկիր, որ բոլորս ցանկացել ենք լինի։
Պայմանավորվել ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք, մեր օրակարգը թելադրող թշնամի երկրներին, որոնց բարբաջած «խաղաղության» ենթատեքստում մեր ինքնաոչնչացումն է դրված։
Այն մարդու հետ, որն իր «պարտնյորն» է, դրա անունը տեր է, թե գործընկեր, գուցե իրենք բիզնես պրոյե՞կտ են անում։ Ասում է, որ ես պայմանավորվել եմ, որ մենք թուղթ պետք է ստորագրենք, եւ այդ թղթի անունն էլ դնում են «խաղաղության պայմանագիր»։ Բայց բոլորս հասկանում ենք, որ դա Հայաստանի վերափոխման, Հայաստանի ամբողջ պատկերը, շարունակությունը փոխելու մասին թուղթ է։ Եվ դա ինչ-որ սահմանի, հաղորդակցության կամ ուղու հետ կապված չէ միայն. իրենք ստորագրելու են թուղթ, որ Հայաստանը պետք է փոխվի, դառնա ուրիշ երկիր։ Եվ ինքը դա բաց ասում է։
Սա հաշվետվություն է իր տերերին, որ՝ տեսեք, ես այս բաներն արել եմ եւ դեռ անելու եմ մնացածը։
Հավանաբար, սա հաշվետվության ձեւ է, ցույց է տալիս, որ, տեսեք, հավատարիմ եմ իր ստանձնած պարտականություններին։ Ես պայմանավորվել եմ եւ իմ պայմանավորվածությունները պահում եմ։ Գալիս եմ եւ բոլորի դեմքին ասում եմ, իսկ ով որ խնդիր ունի իմ ասածների հետ, իրենց նկատմամբ քրեական գործեր եմ հարուցում, միջազգային մակարդակով հռչակում եմ խաղաղության դեմ ոտնձգություն անողներ, ահաբեկիչներ եւ այլն։ Քանի որ խնդիր կա Հայաստանի կերպը փոխելու, նախ հիշողությունը պետք է փոխի։ Եվ ասում է, որ հիշողությունը մեզ համար այլեւս քաղաքական օրակարգի խնդիր է, որ մենք դրա հետ պետք է աշխատենք։ Եվ դա սկսում են դպրոցից, թանգարանից․ այդպես ոչնչացնում են տասնամյակներով ստեղծված հիշողության պահպանման մեխանիզմները ինստիտուցիոնալ մակարդակով, մշակութային արժեհամակարգով։ Եվ իրենք դրա հետեւից պետք է գնան մինչեւ վերջ։
Կարո՞ղ ենք ասել, որ հանձն առած այդ «տնային աշխատանքը» հետեւողականորեն կատարվում է։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին աշխատանքից ազատել, «Արցախ» տեղանունը հիշատակելու պաշտոնական արգելք, ցեղասպանության իրողության փաստը կասկածի տակ դնել, Արարատ լեռան պատկերը սահմանային կնիքներից հանել, եւ այսպես շարունակ։ Ու ինչե՞ր են դեռ անելու։
Փաշինյանն ուղղակի ասաց, որ ինքն է ազատել թանգարանի տնօրենին, քանի որ պետության արտաքին քաղաքականությունից է շեղվել։ Բայց էպիզոդը շատ պատկերավոր է։ Փաստորեն, ցեղասպանության թանգարանի տնօրենը չի կարող բարձրաստիճան հյուրին չպատմել ցեղասպանության մասին, որի շարունակությունն Արցախն էր։ Ինքը՝ որպես մասնագետ, այդ ամենը շատ համակարգային է պատկերացնում, եւ դա իր ուղիղ պարտականությունն է։ Եթե դա չի անում, ապա ի՞նչ գործ ունի ցեղասպանության թանգարանի տնօր