Արագարակի նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի ներկայացման ընթացքում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Դավիթ Խուդաթյանը անդրադարձել է ճանապարհային ցանցի վերանորոգման և կառուցման աշխատանքներին առնչվող քննադատություններին։
Նախարարը նշել է, որ ընդդիմությունը ասֆալտի հարցում ցուցաբերում է անհստակություն։ «Ասֆալտի հետ կապված հարցն այն հարցն է, որ ընդդիմությունն էլի չի կողմնորոշվում։ Մի մասն ասում է, որ իշխանությունը մենակ ասֆալտ է անում, մյուս մասն ասում է՝ ասֆալտ անել չգիտեն։ Որ ասում են՝ ձեր արած ասֆալտը քանդվում է, ես ուզում եմ հասկանալ՝ որտե՞ղ են տեսել քանդված ասֆալտ, որն առաջինը մենք չենք արձանագրել»,- ասաց նա։
Խուդաթյանը նաև բացատրել է ճանապարհների վերանորոգման աշխատանքների ժամկետները։ Նրա խոսքով՝ միջին նորոգման աշխատանքների ստանդարտ ժամկետը 5 տարի է։ «2019 թվականին արված ասֆալտը 2025 թվականի ընթացքում ենթակա է նորից միջին նորոգման»,- ընդգծեց նախարարը։
Նա նաև անդրադարձել է «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման հարցին՝ նշելով, որ այն պետք է վաղուց պատրաստ լիներ։ «Եվ եթե հեղափոխությունը 2018-ից մի քանի տարի առաջ տեղի ունեցած լիներ, այդ ճանապարհը 2026-ից մի քանի տարի առաջ կհանձնվեր շահագործման»,- ավելացրեց նախարարը։