Վայոց ձորի թեմի առաջնորդի հրաժարումը՝ պլանավորված էր տարիներ առաջ

Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ պարզաբանելով իր թեմակալ առաջնորդի պաշտոնից հրաժարման պատճառները։ Ըստ նրա՝ այս որոշումը նախատեսվել էր դեռ տարիներ առաջ և բազմիցս քննարկվել է Մայր Աթոռում։

Արքեպիսկոպոսը նշել է, որ հայտարարության նպատակն է կանխել անհարկի մեկնաբանություններն ու շահարկումները։ Նա հստակեցրել է, որ 2025 թվականի իրադարձություններից շատ առաջ, մի քանի անգամ գրավոր և բանավոր, նույնիսկ Մայր Աթոռում ժողովների ժամանակ, դիմել է հանգստյան կոչվելու համար։

«Ինձ հանգստյան կոչելու տնօրինումը Մայր Աթոռից ստացա 2026 թվականի մարտի 16-ին (գրություն 26/023)։ Քանի որ սա իմ գրավոր և բանավոր դիմումների հիման վրա կայացված որոշում է, ուստի չընդունելու որևէ պատճառ չունեմ»,- ասել է նա։

Հրաժարումից հետո Տեր Աբրահամը նշել է, որ որպես հանգստյան կոչված հոգևորական կմնա իր ծննդավայրում՝ Վայոց ձորում, որտեղ կզբաղվի գրական, թարգմանական և հրատարակչական գործունեությամբ։

Նա նաև հիշեցրել է իր 34-ամյա աշխատանքը Վայոց ձորի թեմում՝ նշելով, որ այն զրոյական վիճակից ստեղծվել է Աստծու օգնությամբ և այսօր հանդիսանում է Հայ եկեղեցու ինքնաբավ և կայացած թեմերից մեկը։ Տեր Աբրահամը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել նշանակվելիք նոր առաջնորդին և օգտակար լինել թեմի հետագա զարգացմանը։

Արքեպիսկոպոսը նաև հայտարարել է, որ պատրաստ է հետայսու ևս առավելագույնս օգտակար լինել ՀՀ վարչապետի նախաձեռնած Հայ եկեղեցու բարենորոգմանը, հատկապես եկեղեցու նոր կանոնադրությունը պատրաստելուն։

Նրա հայտարարության վերջում կանչել է ներողամտություն՝ կապված իր ավելի քան երեք տասնամյա առաջնորդության ընթացքում կատարված սխալների և բացթողումների համար։