ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը մեկնաբանել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջերս արած հայտարարությունը՝ կապված ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման հետ։
Կոսաչևը նշել է, որ Հայաստանի քաղաքական գործիչների կողմից հարցի այդպիսի բարձրացումը կոռեկտ չէ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը պարզապես փաստ է արձանագրել, որ Հայաստանը գազը ստանում է եվրոպականից զգալիորեն ցածր գնով՝ հազար խորանարդ մետրի դիմաց մոտ 177,5 դոլարով, երբ Եվրոպայում գինը հասնում է մինչև 600 դոլարի։
Փոխնախագահի կարծիքով՝ սա այն իրականությունն է, որում Հայաստանը ապրում է և որի հաշվին զարգացնում է իր տնտեսությունը՝ ստանալով զգալի մրցակցային առավելություններ Եվրոպայում և ամբողջ աշխարհում ծավալվող էներգետիկ ճգնաժամի ֆոնին, որը հրահրվել է ոչ թե Ռուսաստանի, այլ այլ երկրների կողմից։
«Ռուսական գազի ներկայիս գինը և՛ հզոր խթան է Հայաստանի տնտեսության շատ հատվածների զարգացման համար, և՛ երկրում սոցիալական և քաղաքական կայունության ծանրակշիռ գործոն։ Ինձ թվում է, որ հայաստանյան քաղաքական գործիչների դեպքում արդարացի և ազնիվ կլիներ հաշվի առնել Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության նման ծավալը, այլ ոչ թե շահարկել գնային քաղաքականության հիպոթետիկ փոփոխությունները», – նշել է Կոսաչևը։
Ապրիլի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր այդ մասին։ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը, նշել էր, որ ռուսական գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանը կարող է վերանայել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում։