2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը հերթով ներկայացնում են իրենց նախընտրական ցուցակները։ Հանրության ուշադրությունը կենտրոնանում է ոչ միայն անունների վրա, այլև այդ անունների անցած ճանապարհի և կուտակած կարողության վրա։
«Ռեֆորմիստների կուսակցության» ընտրացուցակը գլխավորում է նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ով ընտրություններին հանդես կգա 1-ին համարի ներքո։
Վաղարշակ Հարությունյանը ռազմական համակարգի հին գվարդիայի ներկայացուցիչ է։ Նա ծնվել է 1956 թվականի ապրիլի 28-ին՝ Ախալքալաքում։ Ռազմական կրթություն ստացել է խորհրդային բարձրագույն հաստատություններում՝ ավարտելով Կիրովի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանը, այնուհետև Մարշալ Գրեչկոյի անվան ռազմական ակադեմիան և ավելի ուշ՝ Մոսկվայի Գլխավոր շտաբի ակադեմիան։
1978-ից 1990 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ Հայաստանի անկախացումից հետո նա արագորեն հայտնվել է նորաստեղծ հայկական ռազմական կառավարման առանցքային օղակներում։ Նա եղել է ներքին գործերի փոխնախարար, պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, աշխատել է ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության համակարգում, ապա ներկայացրել Հայաստանը ռազմական համագործակցության կոորդինացման շտաբում։
1999-2000 թվականներին զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ 2020 թվականի քաղաքական և ռազմական ծանր շրջափուլում նա կրկին վերադարձավ իշխանական բարձր պաշտոնների՝ նախ որպես վարչապետի գլխավոր խորհրդական, ապա՝ պաշտպանության նախարար։ 2022-2024 թվականներին էլ արդեն Հայաստանի դեսպանն էր Ռուսաստանում։
Ընտրություններին «Ռեֆորմիստների» ցուցակը գլխավորում է մի գործիչ, որի կենսագրությունը սերտորեն կապված է թե՛ խորհրդային ռազմական համակարգի, թե՛ Հայաստանի պետական անվտանգության կառավարման ամենազգայուն փուլերի հետ։
Հանրային հարցադրումն այս դեպքում անխուսափելի է՝ ի՞նչ ունեցվածքով է նախկին նախարարը գնում ընտրության։
2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ Վաղարշակ Հարությունյանն ունի 2003 թվականին ձեռք բերված բնակարան Երևանում։
Նրա բանկային ավանդները կազմել են շուրջ 2 միլիոն 800 հազար ռուսական ռուբլի և 8 միլիոն դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 600 հազար ռուբլի և 400 հազար դրամ։
Բացի այդ, նախկին նախարարը հայտարարագրել է նաև կանխիկ միջոցներ՝ 200 հազար դրամ և 25 հազար ԱՄՆ դոլար։
Ամբողջ 2024 թվականի ընթացքում նրա հայտարարագրված եկամուտը կազմել է 4 միլիոն 945 հազար 392 դրամ։