Երեկ ավարտվեց Հայաստանի խորհրդարանի և Եվրոպայի խորհրդարանի համագործակցության ձևաչափի հերթական նիստը, որի ընթացքում ընդունվեց հայտարարություն։ Այս հայտարարության հետ կապված մի քանի կարևոր կետ կուզեի նշել, որոնք, իմ կարծիքով, հանրությանը լիարժեք տեղեկացված չեն։
Ես ներկայացրել էի շուրջ վեց առաջարկ այդ հայտարարությանը, որոնցից իհարկե ընդունվեց ընդամենը մի քանի։ Սակայն, իմ համար առանցքային էր հայկական կողմի քվեարկությունը երկու առաջարկի վերաբերյալ։
Առաջին առաջարկը վերաբերում էր Ադրբեջանի իշխանություններին՝ կոչ անելու՝ զերծ մնալ Հայաստանի ներքին հարցերի, մասնավորապես՝ Սահմանադրության փոփոխության և այլ նմանատիպ հարցերի վերաբերյալ հայտարարություններ անելուց։ ՔՊ-ի պատգամավորները սրան ձեռնպահ քվեարկեցին։ Դա նշանակում է, որ իրենց համար հարցը մեկ է՝ արդյոք Ադրբեջանը պետք է կարծիք հայտնի՞ Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին, թե՞ ոչ։ Նրանց դիրքորոշումը հստակ է։
Երկրորդ կարևոր կետը վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին։ Արդեն երրորդ անգամ ՔՊ-ի պատգամավորները դեմ են քվեարկում այս հարցը հայտարարության մեջ ներառելու նախաձեռնությանը, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համատեքստում, այսպես կոչված՝ «Հայոց ցեղասպանության հարցի պահպանման» տրամաբանությամբ։ Իհարկե, դա հակասական է, քանի որ չի պարզվում, թե ինչպես կարող է հարցի «պահպանումը» պահանջել դրա քննարկմանը խոչընդոտելը։
Հայտարարության մեջ առկա է նաև մեկ այլ կարևոր կետ, որը, ես վստահ եմ, թարգմանված տեքստով կհրապարակվի։ Այնտեղ Եվրոպական Միությունը նշում է, որ հաշվի է առել՝ Հայաստանում առկա են կարծիքներ, որ դատական համակարգը օգտագործվում է քաղաքական նպատակներով, և որ առկա են ժողովրդավարական խնդիրներ։ Այս կետը, համեմատած նախորդ մերժողականության հետ, որտեղ փորձում էին ներկայացնել, թե իբր Հայաստանում ոչ մի խնդիր չկա ժողովրդավարության տեսանկյունից, հիմա գոնե ճանաչում են, որ Հայաստանում կան քաղաքական և քաղաքացիական շրջանակներ, որոնք նկատում են ժողովրդավարական հետընթաց և իրավապահ համակարգի քաղաքականացում։
Ես կարծում եմ, որ այս փոքրիկ, բայց կարևոր փոփոխությունը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը սկսում է ավելի հստակ տեսնել իրականությունը։ Երբ Հայաստանում ազատության մեջ ընդդիմադիր այլևս չմնա, երբ բոլոր ընդդիմադիրները բերդերում լինեն, և քաղբանտարկյալների թիվը հասնի 500-ի, ապա եվրոպական կառույցները կկարողանան հստակ նշել, որ Հայաստանում առկա են նմանօրինակ խնդիրներ։
Այսպիսով, թեև մեր ջանքերը հաճախ չեն հանգում անմիջական հաջողության, սակայն յուրաքանչյուր փոքր քայլ, որը հակաժողովրդավարական գործընթացների և քաղբանտարկյալների մասին բարձրաձայնելու ֆոնին կատարվում է, ունի իր արդյունքը։