ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերության տարեկան ջրամատակարարման գրաֆիկը հաստատելու գործընթացը դուրս է ՀԾԿՀ-ի լիազորությունների շրջանակից։
Վերջին օրերին հասարակության մեջ մեծ աղմուկ է բարձրացրել «Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած գրաֆիկը, որը նախատեսում էր Երևանի որոշ հասցեներում ջրամատակարարման 17-ժամյա, իսկ մարզերի մի շարք բնակավայրերում՝ 6-ժամյա ռեժիմ։
Ըստ Մեսրոպյանի՝ այս փոփոխությունը պայմանավորված է 2024 թվականի հոկտեմբերին Ջրամատակարարման և օգտագործման կանոններում տեղի ունեցած փոփոխությամբ, որի արդյունքում 135-րդ կետը կորցրել է իր ուժը։
«Հետևաբար, «Վեոլիա Ջուր» ընկերության տարեկան ջրամատակարարման գրաֆիկը ենթակա չէր հանձնաժողովի հետ համաձայնեցման։ Ըստ գործող կարգի, ընկերությունը այդ գրաֆիկը հրապարակելուց 3 օր հետո պետք է ծանուցեր այդ մասին, ինչը նաև արել է», – նշել է նախագահը։
Նա ընդգծել է, որ հասարակության բարձրացրած բողոքի ալիքից հետո պետական բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որտեղ ներկա է եղել նաև «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարը։ Իրավիճակը լրացուցիչ ուսումնասիրելուց հետո որոշվել է, որ հրապարակված գրաֆիկը պետք է լրամշակվի և ուղարկվի նոր գրաֆիկի մշակման, որը քաղաքացիների համար ավելի բարենպաստ և իրատեսական կլինի։
Մեսրոպյանը վստահ է, որ հրապարակված գրաֆիկում ոչ մի տարօրինակ բան չի եղել, և նման գրաֆիկն ունի իր օբյեկտիվ պատճառները։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին Երևանում բազմաբնակարան շենքերի շինարարությունը հասել է աննախադեպ ծավալների, ինչի արդյունքում քաղաքում ջրի սպառման կետերի թիվը զգալիորեն ավելացել է։
«Չնայած բնակչության ավելացմանը, ջրի պահանջարկը ավելացել է ավելի շատ ոչ թե բնակչության, այլ նոր շենքերի պատճառով։ Շատ դեպքերում ջուրը պարզապես չի հերիքում, և դա բերում է գրաֆիկների ժամերի կրճատման», – բացատրել է նախագահը՝ նշելով, որ հատկապես ամառային ամիսներին ջրի սպառումը բարձրանում է քաղաքացիների կողմից խմելու ջրի համար հողամասերը ջրելու և ջրագողությունների պատճառով։
Հարցին, թե «Վեոլիա Ջրի» կողմից նման գրաֆիկի հրապարակումը ի՞նչ իրավական հետևանքներ կարող է առաջացնել ընկերության համար, Մեսրոպյանը նշել է, որ ՀԾԿՀ-ն դեռ լրացուցիչ ուսումնասիրություններ պետք է կատարի, և եթե պարզվի, որ ընկերությունը խախտել է ջրամատակարարման կանոնները, ապա վարույթ կհարուցվի և կկիրառվեն համապատասխան տույժեր։
Նա նաև նշել է, որ քաղաքացիները «Վեոլիա Ջրի» հետ խնդիրներ են ունենում հիմնականում երկու պատճառով՝ ընկերության վատ մենեջմենթի կամ ֆիզիկապես մաշված ջրամատակարարման համակարգի պատճառով։ Նրա համոզմամբ՝ այս պահին խնդիրները ավելի շատ կապված են հենց ֆիզիկապես մաշված համակարգի հետ, և անհրաժեշտ է Երևանին նոր ջրաղբյուրներից ջրածավալ մոտեցնել։
Մեսրոպյանը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության, «Վեոլիա Ջրի» հայաստանյան գրասենյակի և ֆրանսիական գլխամասային գրասենյակի միջև ստորագրվել է եռակողմ համաձայնագիր, որի համաձայն ընկերությանը փոխանցվող վարձավճարները կուղղվեն ոլորտի ենթակառուցվածքների արդիականացմանը և առաջացած խնդիրների լուծմանը։