Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ ծաղկող ներկան և ապագան կառուցվում են հույսի, խաղաղության և արդարության հիմքերի վրա։
«Ինձ համար մեծ պատիվ է ընդունել Թուրքիայի հրավերը և Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ այս կարևոր միջոցառմանը»,- ասել է ԱԺ նախագահը՝ նշելով, որ քննարկվող թեմայի՝ «Հույսի սերմանում, խաղաղության ապահովում և արդարության երաշխավորում ապագա սերունդների համար» կարևորությունը դժվար է գերագնահատել։
Նրա խոսքով՝ Հայաստանը լիովին ընդունում է իր պատասխանատվությունը՝ աշխարհը բուժելու և ապագա սերունդներին խաղաղ ժառանգություն տալու հարցում։
Ալեն Սիմոնյանը նշել է, որ 2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո տարածաշրջանում տիրում է խաղաղություն, ինչը մեծագույն նվաճում է։ Սակայն Հայաստանի տեսլականը ավելի լայն է։
«Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր և միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում։ Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ»,- ընդգծել է ԱԺ նախագահը։
Նա նաև նշել է, որ տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր դարաշրջան է սկսվել։ Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերը, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացումը, նպատակ ունեն խթանել տարածաշրջանային կապերը և ընդլայնել միջազգային առևտրային ուղիները։
Ալեն Սիմոնյանը նշել է, որ այսօրվա գործողությունները պետք է ծառայեն վստահության կառուցմանը, և հավելել՝ «Մեր սուրբ պարտականությունն է արժանի լինել նրանց՝ թողնելով ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ժառանգություն»։
Նա նաև հիշեցրել, որ վստահության ամրապնդումը շարունակելու և իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ։