Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը այսօր էլ պատրաստ է ապահովել տարանցում Ադրբեջանից դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ։
«Մենք հայտարարել ենք, որ այսօր էլ պատրաստ ենք ապահովել այդ տարանցումը՝ օգտագործելով գոյություն ունեցող հաղորդակցության ուղիները։ Սա մի բան է, որ կարող ենք իրականացնել արդեն այս պահին։ Սակայն ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը մինչ այժմ չեն օգտվել այդ հնարավորությունից։ Կարծում եմ՝ պատճառներից մեկն այն է, թե նրանք կարծում են, որ այս լուծումը կարող է հետաձգել վաշինգտոնյան պայմանավորվածությունների, մասնավորապես TRIPP նախագծի իրականացումը։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը չունի ո՛չ մտադրություն, ո՛չ էլ պատճառ հետաձգելու այդ նախագիծը, քանի որ այն ամբողջովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներին»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է հենց այսօրվանից հաղորդակցության կապուղի ապահովել Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ ճանապարհով Ադրբեջանի արևմտյան մասի ու Նախիջևանի միջև։
«Այս երկաթգիծն այլընտրանք չունի։ Մեր երկրի լեռնային տեղանքը թույլ չի տալիս երկաթուղով որևէ այլ կերպ կապել երկրի հարավն ու հյուսիսը։ Ուստի հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ակնկալիքները չեն հակասում»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը ցանկանում է օգտագործել Վրաստան-Ադրբեջան երկաթուղին արտահանումների համար։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որի համաձայն Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) պետք է ստեղծվի ռազմավարական տարանցիկ ճանապարհ, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP)։