Բոլոր ամիսների աշխատավարձերը վճարված են, բժշկական կենտրոնը նորմալ աշխատանքային ընթացքում է, նշանակված է նոր ժամանակավոր պաշտոնակատար։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վեդիի հիվանդանոցում տեղի ունեցած դեպքին, որի գլխավոր բժիշկը մի քանի ամիսների աշխատավարձը տանուլ էր տվել խաղատանը։

Նախարարը նշեց, որ իրավիճակը լիովին վերահսկելի է։ «Բոլոր ամիսների աշխատավարձերը վճարված են, բժշկական կենտրոնը նորմալ աշխատանքային ընթացքում է, նշանակված է նոր ժամանակավոր պաշտոնակատար։ Մեր կողմից, իմ խորհրդականի կողմից ուղիղ վերահսկողության տակ է, որեւէ մասով խնդիր չունենք։ Իրավապահ մարմինների հետ հետեւողական աշխատանքը գնում է, եւ մենք համոզված ենք, որ այս գումարները պետք է վերադարձվեն»,- ասաց նա։

Անահիտ Ավանեսյանը նաեւ հաստատեց, որ դեպքի առիթով բացվել է քրեական գործ։ Նա նշեց, որ այս իրադարձությունը հրահրել է համակարգում խորը վերանայում։ «Մենք ընդհանուր առմամբ վերանայում ենք մեր բոլոր հիվանդանոցներում տնօրենների տեխնիկական, բանկային եւ ֆինանսական հոսքերի վերահսկման հավելյալ մեխանիզմները։ Ինչպես տեսնում ենք, պարզվում է, որ նման անհնար երեւույթը, ցավոք սրտի, տեղի է ունեցել»,- ընդգծեց նախարարը։

Զրույցի ընթացքում լրագրողները հետաքրքրվեցին նաեւ առողջապահական համակարգում բուժանձնակազմի աշխատավարձերի ընդհանուր հարցերով։ Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ բժշկական ապահովագրական համակարգի ներդրումից հետո առաջացած խնդիրը հարթված է, եւ այս ամիս արդեն բոլոր պակաս տրված աշխատավարձերը փոխանցվել են։ Նա նաեւ հայտարարեց, որ ապահովագրական համակարգի ներդրումից հետո բուժաշխատողների, մասնավորապես նեղ մասնագետների աշխատավարձերի վերանայում է նախատեսված, որը պայմանավորված է այցելուների թվաքանակի կրճատումներով եւ ավելացումներով։ Այս հարցերը, նախարարի խոսքով, առաջիկայում կքննարկվեն բժշկական համայնքի հետ։