Արթուր Ավանեսյանի կամ «Կանդազի» կենսագրությունը

Արցախյան պատերազմի հայտնի հետախույզ, «Կանդազ» մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը, որը մեկ շաբաթից ավել գտնվում էր Վարդաշենի ՔԿՀ-ում՝ հացադուլի մեջ, երեկ դուրս է եկել դրա հորդորով՝ Սամվել Կարապետյանի հորդորով։ Ըստ պաշտոնական մեղադրանքի, նրա դեմ քրեական գործ է հարուցվել ընտրակաշառքի հոդվածով։ Կանդազը հացադուլը սկսել էր «բողոքի նշան՝ քաղաքական հետապնդումների և անարդարության դեմ»։

Այսպիսով, Կանդազի պատմությունը, որը սկսվել է պատերազմական հանգամանքներում, այսօր շարունակվում է բանտում։

Ով է Արթուր Ավանեսյանը և ինչու է նրա դեմքը այսպիսի

Արթուր Ավանեսյանի կենսագրությունը սկսվել է Մարտակերտի Մաղավուզ գյուղում, որտեղ նա երազում էր դառնալ ֆուտբոլիստ։ 1986 թվականին, սպորտային կրթություն ստանալու նպատակով, նա տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել սպորտային ուսումնարան։ Սակայն 1988 թվականի Արցախյան շարժումը փոխեց նրա կյանքի ուղին, և նա վերադարձավ հայրենիք՝ մասնակցելու ինքնապաշտպանական մարտերին։

1992 թվականի իրադարձությունները դարձան նրա կենսագրության ամենածանր էջերից մեկը։ 1992 թվականին, երբ նա մտել է արդեն գրավված գյուղ, տեսել է իր տատին բալկոնում, վիզը կտրած։ Նա տատին հողին է հանձնել հենց տան բակում։ «Էդ տեսարանը մնաց ինձ հետ ամբողջ կյանքում։ Արդեն արյունը տվեց աչքերիս… Էդտեղից սկսվեց հետախուզական կյանքս»,- մի առիթով պատմել է Կանդազը։

Պատերազմական տարիներին Ավանեսյանը մասնակցել է բազմաթիվ վտանգավոր հետախուզական գործողությունների։ Նրա դեմքի ծանր վնասվածքը, որը դարձել է նրա առանցքային յուրահատկությունը, ստացել է հետախուզական մի օպերացիայի ժամանակ։ Թեև նա ինքը մի անգամ պատմել է, որ դեմքը կծել է շուն, իրականում վիրավորումը ստացվել է թշնամու տարածքում։

Ինչպես պատմում են նրա մարտական ընկերները, Կանդազը խմբով թշնամու ճակատ է ներափանցել, և անհրաժեշտ պաշտպանության համար թաքնվել են մացառուտների մեջ։ Թփերի տակ նրան հոշոտել է վայրի խոզը։ Չնայած ծանր վիրավորումներին՝ նա ձայն չի հանել, որ իր և իր հետախույզների կյանքը չվտանգի։ Արնաշաղախ վերադարձել է իր զորամաս՝ մարտական առաջադրանքը կատարած։

Այդ օպերացիայի ընթացքում էլ ծնվել է նրա անունը՝ «Կանդազ»՝ ինքնագլուխ, չնահանջող։ Այդպես էլ մնացել է մինչ օրս։

Այսօր, բանտի պատերում, Կանդազը, ըստ գաղտնալսումների, համոզում է իր հայրենակիցներին ընտրել Ուժեղ Հայաստանին՝ խոստանալով, որ ամեն ինչ էլ լինելու է նրանց համար։