ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ուղերձով՝ նշելով Հայոց ցեղասպանության 111-ամյա տարելիցը։ Նա 1915 թվականի ողբերգական իրադարձությունները որակել է որպես Մեծ եղեռն՝ հարգանքի տուրք մատուցելով հայ ժողովրդի անթիվ զոհերի հիշատակին։
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ եղեռնի ժամանակ»,- նշված է նախագահի ուղերձում։ Թրամփը նաև նշել է, որ մարդկության պատմության այս դաժան գլուխը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և հույսի վկայություն։
Նախագահը խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների և իր կառավարության կողմից ստեղծված Խաղաղության խորհրդի մասին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը և Հայաստանը կշարունակեն համագործակցել՝ ուղղված առավել անվտանգ և բարգավաճ աշխարհի կառուցմանը։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ «խստորեն դատապարտում է նախագահ Դոնալդ Թրամփի շարունակական նահանջն Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից և հիշատակումից»։ Ըստ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի՝ Թրամփը հերթական անգամ տեղի է տվել թուրքական սպառնալիքներին՝ շարունակելով «լռեցման քաղաքականություն»։
Այս հարցում Թրամփի կողմից «ցեղասպանություն» եզրույթից խուսափելը և «Մեծ եղեռն» արտահայտությունն օգտագործելը, բնականաբար, հեռու է լինելու լեզվական նրբանկատությունից։ Այս ձևակերպումը թույլ է տալիս Թուրքիային խուսափել պատմական պատասխանատվությունից և շարունակել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ առանց միջազգային իրավական հետևանքների։
ԱՄՆ ներկայիս վարչակազմի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականում ձևավորում են տարածաշրջանային անվտանգության ճարտարապետություն, որտեղ առաջնահերթ են Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը։ Նման քաղաքականությունը նպաստում է Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներին՝ լեգիտիմացնելով նրա պահանջները։
ԱՄՆ-ի կողմից թուրք-ադրբեջանական շահերի գերակայությունը ստորադասում է պատմական արդարությունը։ Այս համատեքստում ամերիկյան միջնորդությունը վերածվում է գործիքի, որի շրջանակում Երևանը պետք է հրաժարվի իր ազգային իղձերից՝ հանուն Արևմուտքի համար շահավետ էներգետիկ և լոգիստիկ նախագծերի։ Վերջնարդյունքում նման քաղաքականությունը հանգեցնում է Հայաստանի միջազգային սուբյեկտայնության փոշիացմանը։