Հայաստանում գործող խաղադրույքային տեխնոլոգիական խոշորագույն խմբերից մեկը՝ SoftConstruct-ը և դրա միջազգային բրենդը՝ BetConstruct-ը, վերջին մեկ տարվա ընթացքում հայտնվել են մի շարք հետաքննական հրապարակումների կենտրոնում։ Հարցը, որը շրջանառվում է թե՛ ուկրաինական, թե՛ միջազգային լրատվական հարթակներում, հետևյալն է՝ արդյո՞ք հայկական տեխնոլոգիական ընկերությունը փաստացի շարունակում է աշխատել ռուսական շուկայում՝ չնայած Ուկրաինայի պատերազմին և ՌԴ նկատմամբ սահմանափակումներին։
Այս հարցումը սկանդալի կենտրոնում դրեց ուկրաինական Antikor պորտալը, որը հրապարակեց հոդված, որտեղ պնդվում էր, որ BetConstruct-ը տեխնոլոգիական ծառայություններ է մատուցում ռուսական խոշոր բուքմեյքերներին, այդ թվում՝ Fonbet-ին և BetCity-ին։ Եթե այս պնդումները համապատասխանում են իրականությանը, առաջանում է առանցքային հարց՝ արդյո՞ք տեխնոլոգիական հարթակ տրամադրելը ռուսական օպերատորներին նշանակում է շուկայական ներգրավվածություն։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընկերությունը հստակ հերքեց այս պնդումները՝ նշելով, որ ռուսաստանյան շուկայում խաղային գործունեություն չի իրականացնում, իսկ Ուկրաինայում զբաղվում է բացառապես ծրագրային ապահովմամբ։ Այստեղ առանցքային տարբերակումն այն է, թե արդյո՞ք ընկերությունը խաղադրույք ընդունում է, թե՞ տեխնոլոգիա մատակարարում։
Հրապարակումների կենտրոնում է նաև VBet բրենդը։ 2021 թվականին VBet Ուկրաինան ստացել է լիցենզիա, իսկ ավելի ուշ վերագրանցվել է որպես UCR Holding Ltd։ 2024 թվականին ուկրաինական լրատվամիջոցները տեղեկատվություն շրջանառվեցին, որ ընկերության հաշիվներն արգելափակվել են ռուսական կապերի ստուգումների շրջանակում։ SoftConstruct-ից նշել են, որ Ուկրաինայում գործող ընկերությունը զբաղվում է բացառապես ծրագրային ապահովմամբ և անմիջական խաղադրույք չի ընդունում, իսկ «VBet» ապրանքային նշանի օգտագործումը կատարվում է լիցենզավորված օպերատորի կողմից։
Այս հարցումը ավելի է խորացավ այն բանից հետո, երբ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը հրապարակեց հարցազրույց թուրք-կիպրոսցի գործարար Հալիլ Ֆալյալիի նախկին ֆինանսական տնօրեն Ջեմիլ Օնալի հետ։ Օնալը պնդում էր, որ SoftConstruct-ի համահիմնադիրներից Վիգեն Բադալյանը համագործակցել է Ֆալյալիի հետ Թուրքիայում խաղադրույքային ենթակառուցվածքների հարցում և եղել են եկամտի բաժանման պայմանավորվածություններ։ SoftConstruct-ի իրավաբանական թիմը այս պնդումները որակել է «կեղծ և անհիմն»՝ հայտարարելով, որ որևէ բիզնես կամ ֆինանսական կապ Ֆալյալիի կամ նրա շրջապատի հետ չի եղել։
Այս ամբողջ պատմության մեջ մի կողմում հետաքննող հրապարակումներ են՝ հնարավոր կապերի, ռուսական շուկայի ներգրավվածության և ֆինանսական փոխկապակցվածությունների մասին։ Մյուս կողմում՝ ընկերության հստակ և կտրուկ հերքումները։ Քանի դեռ պայմանագրային հարաբերությունների, իրական շահառուների և ֆինանսական հոսքերի ամբողջական պատկերը հրապարակային չէ, հարցերը շարունակում են մնալ բաց՝ ձևավորելով հաջողության պատմության շուրջ աճող հարցականների շղթա։










